ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սովորեցրեք ճախրել կամ ցած գլորվել»

«Սովորեցրեք ճախրել կամ ցած գլորվել»
23.06.2024 | 15:56

«Օ՜ եղբայրներ իմ, միթե՞ ես դաժան եմ: Բայց ասում եմ ձեզ՝

այն, ինչ ընկնում է, պետք է ավելի ուժգին հրել...:

Եթե չեք կարողանում մեկին սովորեցնել ճախրել՝

սովորեցրեք նրան շուտափույթ ցած գլորվել»:

Նիցշեի այս խոսքերն իր՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» հանրահայտ գրքից են։ Շատերը, ծանոթ չլինելով հեղինակի «գերմարդու» (Übermensch) գեղարվեստական գաղափարախոսությանը, «կարդացած» մարդու լրջախոհ դեմքով յուրովի մեկնաբանելով մեջբերում են կրճատ՝ «Հրիր ընկնողին» և դրա ուղիղ իմաստով լծվում են կոնկրետ որևէ անձի պարսավելու, նվաստացնելու, «հրելու» կոլեկտիվ «արարողակարգին»։

Այնինչ, Նիցշեի այս խոսքերը պետք է ընկալել որպես սոցիալական, բարոյական և մշակութային հին կառույցների արմատական նորացման և հաղթահարման կոչ։

Սրանք անիմաստ բռնության խոսքեր չեն, այլ՝ անկման և քայքայման անխուսափելի գործընթացի արագացման ավետիս կամ պատգամ: Նիցշեի ընկալմամբ՝ այն, ինչ արդեն ընկնում է, կենսունակություն չունի և պետք է իր տեղը զիջի նորին։ Դատապարտելի են անցյալի տարրերը պահելու կամ պահպանելու փորձերը, եթե դրանք այլևս ի վիճակի չեն իրենք իրենց պահպանել:

Անկման գործընթացն արագացնելու ցանկությունը խորհրդանշում է հեղափոխական փոփոխությունների աննկուն տենչանքը: Այս «հրումը», փոխաբերական իմաստով, մեկնաբանվում է որպես հնացած կառուցակարգերի ոչնչացման գործընթացին ակտիվ մասնակցություն։ Այստեղ փիլիսոփայական այլաբանություն կա՝ հին աշխարհները պետք է անհետանան, որպեսզի նորերը բարձրանան:

«Սովորեցրեք ճախրել կամ ցած գլորվել» արտահայտության մեջ հակասությունը թվացյալ է, քանի որ այն ուղղակի երկընտրանքի առջև է կանգնեցնում. կամ սովորեք բարձրանալ ավելի բարձր (ճախրել), կամ արագացրե՛ք դրա այլընտրանքը՝ անկումը: Սա վճռականության պարտադրանք է, գործունեության պահանջ՝ կա՛մ ստեղծման, կա՛մ ոչնչացման:

Նիցշեի խոսքերը, չնայած իրենց արմատականությանը, այնուամենայնիվ, ուղղված են մտքի գործընթացի սրմանը և լճացած գաղափարների հարմարավետությանը մարտահրավեր նետելուն։ Դրանք կոչ են անում դինամիկ փոխակերպման և ակտիվ մասնակցության նոր իրականության ստեղծմանը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 7016

Մեկնաբանություններ